Հայաստանի Հանրապետության
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՏԵՂԵԿԱՏՈՒ ՀԱՐԹԱԿ / ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ / Համագործակցություն....

Համագործակցություն երեխաների և դեռահասների առողջության ցուցանիշների բարելավման նպատակով

17.02.17

ՀՀ ԱՆ Գլխավոր մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների և դեռահասների առողջութան ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը մասնակցել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ համագործակցող եվրոպական մանկաբուժական կենտրոնների տարեկան հանդիպմանը: Քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ Շոտլանդիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից, Իտալիայից, Ռուստաստանից: Քննարկվել են Եվրոպայում երեխաների և դեռահասների առողջության ընդհանուր վիճակը և միտումները, առանձին երկրներում ներդրված ծրագրերն ու քաղած դասերը: Քննարկումների արդյունքները ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի երկրների նախարարների խորհրդին ներկայացվող զեկույցի հիմք կդառնան: 

Աշխատանքային հանդիպումների ընթացքում նշվել է, որ ԱՀԿ–ն հետաքրքրված է ՀՀ առողջապահության նախարարության հետ իրագործվող ծրագրերով։ Երեխաների զարգացման, վաղ միջամտությունների և մանկական հաշմանդամության կանխարգելման, դպրոցահասակ երեխաների, դեռահասների առողջության, մանկական քրոնիկ հիվանդությունների բուժման ու կառավարման հնարավորությունների շրջանակում ԱՀԿ-ն կհամագործակցի «Արաբկիր» ԲՀ – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հետ:

Քննարկվել են Հայաստանում իրագործվող ԱՀԿ որոշ ծրագրերի ընթացքը և դրանց արդյունավետության բարձրացման ուղիները: Շոտլանդիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի գործընկերների հետ քննարկվել են երկկողմանի կրթական, կազմակերպչական և գիտական համագործակցության պլաններ, նախանշվել են կոնկրետ գործողություններ: